Վերին Լարսը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Արխիվային լուսանկար
Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, սակայն շարունակում է փակ մնալ ծանրաքաշ մեքենաների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածի մաքրումից հետո վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:
Գուդաուրի–Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։