Պատիվ է լինել ձեր ժամանակակիցը. Անդրեասյանը շնորհավորել է Մանսուրյանի 85–ամյակը

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մանսուրյանի 85–ամյակի առթիվ կազմակերպել էր հոբելյանական համերգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85–ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր ներկայությունը և արվեստը։ Մի առիթով հիշել էիք Արթիկում անցկացրած Ձեր օրերը և պատմել էիք այն մասին, որ փողոցում, երբ բարձրախոսներից երաժշտություն էր հնչում, Ձեր խաղը դադարեցնում էիք և մոտ գնում՝ վայելելու այն։ Նույնն այսօր տեղի է ունենում մեզ հետ, երբ հնչում է Ձե՛ր երաժշտությունը։ Ինչ անելիք էլ որ ունենանք, փորձում ենք մի պահ կտրվել և վայելել այն։ Սա պատահական չէ, որովհետև Ձեր արվեստը դիպչում է յուրաքանչյուրիս հոգուն և դառնում է մեր կյանքի ընկերը»,– գրել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով` ոգևորիչ էր նաև Կոնսերվատորիայում ամփոփիչ համերգի ժամանակ Մանսուրյանի շփումը երիտասարդների հետ, թե ինչպես էր նա ուրախանում նրանց ամեն հաջող կատարման համար։
«Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար Ձեր գրած մեղեդին արտահայտում է Ձեր գորովանքը մեր երկրին։ Դա Ձեր անուշ Հայաստանն է, որն ամբողջությամբ վերադարձնում է Ձեզ նույն գորովանքն ու սերը։ Մաղթում եմ մեզ բոլորիս, որ երկար վայելենք Ձեր ներկայությունն ու ստեղծագործությունը»,– եզրափակել է իր խոսքը նախարարը։
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մանսուրյանի 85–ամյակը
Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Տիգրան Մանսուրյանի 85–ամյակի առթիվ հունվարի 27-ին կազմակերպել էր հոբելյանական համերգ։
1 / 2

Տիգրան Մանսուրյան

2 / 2

Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգը