Ի՞նչ են փնտրում և գտնում Թունիս մեկնող հայ զբոսաշրջիկները․ խորհուրդներ՝ սեփական փորձով

Թունիսյան արևամուտ
Վերջին տարիներին ամառային պահանջված ուղղությունների շարքում է հյուսիսաֆրիկյան Թունիսը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Թունիս էր մեկնել՝ սեփական աչքերով տեսնելու, բացահայտումներ անելու և պրակտիկ խորհուրդներ տալու այս ուղղությունն ընտրող հայ զբոսաշրջիկներին։
Sputnik
Եթե ցանկանում եք ամռանը ծովափնյա հանգիստ վայելել հնարավորինս մատչելի գներով, ապա հանգստի փաթեթների ամրագրումը պետք է ամիսներ առաջ անել, երբ դեռ հասանելի են վաղ ամրագրումների զեղչերը։ Վերջին մի քանի տարիներին ամառային հանգստի պահանջված ուղղությունների շարքում է Թունիսը, որտեղ ծովափնյա հանգիստ կարելի է անցկացնել ոչ միայն ամռանը, այլև աշնան սկզբին։ Այս տարի ուղիղ չվերթերը մեկնարկում են մայիսի 31-ից, ու արդեն հասանելի են վաղ ամրագրման փաթեթները։ Ի՞նչ է պետք իմանալ մեկնելուց առաջ, ինչպե՞ս պատրաստվել ուղևորությանը և այլն։ Բոլոր մանրամասները՝ մեր հոդվածում։
Թունիսի աղի լիճը

Վիզա պետք չէ

Թունիս մեկնող ՀՀ քաղաքացիներին վիզա պետք չէ (միայն ուղիղ չվերթի դեպքում), ուստի ավելորդ թղթաբանության, նյարդեր քայքայելու, նաև գումար ծախսելու կարիք չկա (նախկինում 25 դոլար էր)։ Ընտրում եք փաթեթն ու ճանապարհ ընկնում։ Այս պահին փաթեթների արժեքները երկու հոգու համար տատանվում են միջինը 1250-2000 դոլարի սահմաններում։ Այս ուղղությունը հարմար է ընտանեկան հանգստի համար, քանի որ նախ արդեն 4-րդ տարին է՝ Հայաստանից դեպի Թունիս հնարավոր է հասնել ուղիղ չարտերային չվերթով՝ ընդամենը 4 ժամում։ Երկրորդ հարմարությունը հյուրանոցների all inclusive սննդակարգն է, այսինքն՝ սնվելու համար հավելյալ գումար ծախսելու կարիք չկա։
Հաբիբ Բուրգիբայի դամբարանը Թունիսի Մոնաստիր քաղաքում

Ինքնաթիռում սնունդի մասին

Ձեր ավիատոմսում սնունդ ներառված չէ, ուստի անպայման վերցրեք, օրինակ, սենդվիչ, քաղցրավենիք, ընդեղեն, միրգ։ 4 ժամ թռիչքին գումարեք նաև օդանավակայանում սպասելու ժամանակը, Մոնաստիրի օդանավակայանից հյուրանոց հասնելու ճանապարհը (այն տարբեր է՝ կախված, թե որ քաղաքում եք հյուրանոց ընտրել), ուստի առնվազն՝ 6-7 ժամ քաղցած եք լինելու, եթե ուսապարկում սնունդ չունենաք։

Հավաքում ենք ճամպրուկը

Գնում եք տաք ուղղությամբ, բայց անպայման ձեզ հետ վերցրեք որևէ տաք հագուստ՝ հուդի, թիկնոց պահեք ձեռքի տակ, որովհետև ինքնաթիռում կարող է ցուրտ լինել։ Թույլատրելի ուղեբեռը պետք է կշռի մինչև 15 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 5 կգ։ Ի՞նչ տեղավորել ճամպրուկում․ անպայման գլխարկ, արևային ակնոց, արևապաշտպան քսուք, ատամի խոզանակ և մածուկ (թունիսյան հյուրանոցներում, որպես կանոն, բացակայում է)։
Սրբիչներ` թե՛ լոգարանի, թե՛ ծովի համար հյուրանոցներում առկա են, ուստի կարող եք ավելորդ չծանրաբեռնել ճամպրուկը։ Կարող եք վերցնել մոծակներից պաշտպանվելու միջոցներ, հակաալերգիկ դեղորայք։ Անպայման ձեռք բերեք ճամփորդական ապահովագրություն․ երկիր մուտք գործելու համար պարտադիր չէ, սակայն լրացուցիչ ապահովություն է՝ մի քանի հազար դրամով։
Թունիսյան մայրամուտ

Ի՞նչ տարադրամով և ինչքա՞ն գումար վերցնել

Եվրո վերցնել, թե դոլար՝ տարբերություն չկա, կարող եք հենց օդանավակայանում փոխանակել թունիսյան դինարի, նաև ձեր հյուրանոցում։ Փոխարժեքը տարբերվելու է մի քանի միլիմով, այսինքն՝ մի քանի լումայով, որն, ինչպես ասում են, եղանակ չի փոխում։ Հիշեք՝ գումար փոխանակելիս անպայման պահեք ձեզ տրված կտրոնը, որպեսզի հետագայում կարողանաք հետ փոխանակել չծախսված գումարները։ 1 դոլարը մոտ 3 դինար է, դոլարով կամ եվրոյով երկրում առևտուր անել խորհուրդ չեմ տա․ վաճառողները գումարը կլորացնում են ու ոչ հօգուտ ձեզ։ Ինչքա՞ն գումար վերցնել․ այս հարցը շատ անհատական է՝ կախված նրանից, թե ինչքան գնումներ եք ծրագրում անել։
Սրճարան Թունիսի էլ Ջեմ քաղաքում
Նկատի ունեցեք` Թունիսը բավականին մատչելի երկիր է, շուկաներից գնումներ կատարելիս էլ գործում է ոսկե կանոնը՝ սակարկել։ Ուստի որքան մատչելի գնումներ կկատարեք, կախված է բանակցելու ձեր հմտություններից։ Օրինակ` սառնարանի մագնիսներ կարող եք գնել միջինը 2-5 դինարով՝ կախված որակից և նյութից, մեկ կիլոգրամ թունիսյան արմավ՝ միջինը 12-15 դինարով։
Թունիսյան հուշանվերներ

Թունի՞ս, թե՞ Եգիպտոս

Սա երևի ամենահաճախ տրվող հարցերից է։ Մի դեպքում Միջերկրական, մյուս դեպքում՝ Կարմիր ծովն է։ Եթե պատրաստվում եք հյուրանոցի տարածքից դուրս չգալ, ապա խորհուրդ կտայի ընտրել Եգիպտոսի՝ Հուրգադայի կամ Շարմ Էլ Շեյխի տարբերակը, թեպետ երկու դեպքում էլ բացահայտումների, հետաքրքիր էքսկուրսիաների տեղեր կան։ Բայց Թունիս գնալ և չգնալ էքսկուրսիոն տուրերի, հավատացեք, մեղսագործություն է։ Որպեսզի Թունիսին սիրահարված վերադառնաք Հայաստան, իմ կարծիքով, կարևոր է թեկուզ մի 2 էքսկուրսիա ընտրելը։

Ու՞ր արժե անպայման գնալ․ Էլ Ջեմ

Այս ցուցակում առաջինը 3-րդ դարում կառուցված Էլ Ջեմ ամֆիթատրոնն է։ Սա հռոմեական ոճի ամենալավ պահպանված ամֆիթատրոնն է։ 30 հազար հանդիսատես տեղավորող կառույցը մեծությամբ 4-րդն է Հռոմի, Կապուա և Վերոնա քաղաքների ամֆիթատրոններից հետո։ Այստեղ գլադիատորական մարտեր են անցկացվել, այն չափազանց տպավորիչ վայր է, որտեղ կարող եք զբոսնել նաև ստորգետնյա սենյակներով, որտեղ պահվել են մարտերին, շոուներին մասնակցող կենդանիներն ու նաև գլադիատորները։
Թունիսի էլ Ջեմ քաղաքը
Այստեղ արժե գնալ առավոտյան շատ շուտ, նախ որպեսզի շոգը չխանգարի, երկրորդն էլ տուրիստական հոսքը դեռ մեծ չլինի, կարողանաք հնարավորինս վայելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձանը։ Այս էքսկուրսիան, կախված նրանից, թե որ քաղաքից եք ամրագրում, միջինը 35-40 դոլար արժե։
1 / 6

Էլ Ջեմ ամֆիթատրոն Թունիսում

2 / 6

Էլ Ջեմ ամֆիթատրոն Թունիսում

3 / 6

Էլ Ջեմ ամֆիթատրոն Թունիսում

4 / 6

Էլ Ջեմ ամֆիթատրոն Թունիսում

5 / 6

Էլ Ջեմ ամֆիթատրոն Թունիսում

6 / 6

Էլ Ջեմ քաղաքը Թունիսում

Երկրորդ must do՝ Կարթագեն-Սիդի Բու Սաիդ-մայրաքաղաք Թունիս

Եթե սահմանափակ բյուջեով եք ճամփորդում և կարող եք միայն մեկ-երկու էքսկուրսիա ձեզ թույլ տալ, ապա սա անպայման ներառեք։ Պատմական Կարթագենում ամենատպավորիչ հատվածներից էր հռոմեական բաղնիքը՝ 18 հազար քառակուսի մետր տարածք, որտեղ միաժամանակ կարող էին սպասարկել 5-6 հազար այցելուի։
1 / 5

Կարթագենի ավերակները Թունիսում

2 / 5

Կարթագենի ավերակները Թունիսում

3 / 5

Կարթագենի ավերակները Թունիսում

4 / 5

Կարթագենի ավերակները Թունիսում

5 / 5

Թունիսի մայրաքաղաք Թունիսը

Մայրաքաղաք Թունիսը շատերին կարող է չտպավորել, բայց տեսնել արժե, իսկ թունիսյան Սանտորինին՝ Սիդի Բու Սաիդ քաղաքը, հաստատ կսիրեք։ Այս քաղաքը հմայում է այնտեղ ոտք դնելու առաջին վայրկյանից՝ սպիտակ շինություններ՝ կապույտ դռներով ու տանիքներով։ Այստեղ գնալիս անպայման նախապես ծրագրեք, թե ինչ եք հագնելու, որ հեքիաթային վայրում գեղեցիկ լուսանկարներ ունենաք։ Այս տուրը միջինը 50 դոլար արժե։
1 / 6

Միջերկրական ծովի տեսարան Թունիսի Սիդի Բու Սաիդ քաղաքից

2 / 6

Թունիսի Սիդի Բու Սաիդ քաղաքը

3 / 6

Թունիսի Սիդի Բու Սաիդ քաղաքը

4 / 6

Վաճառականը Թունիսի Սիդի Բու Սաիդ քաղաքում

5 / 6

Թունիսի Սիդի Բու Սաիդ քաղաքի հայտնի դռները

6 / 6

Վաճառականը Թունիսի Սիդի Բու Սաիդ քաղաքում

Չմոռանաք անապատի մասին

Եթե ժամանակն ու միջոցները թույլ են տալիս, անպայման անապատ գնացեք։ Օրինակ` Դուզ քաղաք՝ «Սահարայի դարպասներ», այն անվանում են նաև պալմային օազիս, որովհետև այս տեղանքում գրեթե կես միլիոն պալմա է աճում։ Կարող եք կվադրացիկլով կամ ուղտով զբոսնել անապատում, ընդ որում, դա անպայման կանեք մայրամուտին, երբ երկնակամարը չքնաղ գույներով է ներկվում։ Ես մասնակցել եմ սաֆարի-տուրերի մի քանի հանգստավայրերում՝ Շարմ Էլ Շեյխում, Հուրգադայում, նաև Դուբայում։ Այս մեկն ամենատպավորիչն էր։
1 / 4

Թունիսյան անապատ

2 / 4

Մատմատա քաղաքը Թունիսում

3 / 4

Անապատը

4 / 4

Թունիսի Զագուան քաղաքը

Դուզից կարող եք ուղևորվել Տոզեր քաղաք՝ գեղեցիկ, ներդաշնակ, յուրահատուկ։ Թունիսում շինությունների իշխող գույնը սպիտակն է, բայց ոչ Տոզերում։ Այստեղ շենքերն արտաքինից պատված են փոքրիկ, շագանակագույն աղյուսներով, որոնք քաղաքին անապատի գույն են տալիս։ Թեպետ քաղաքը ծովափին չէ, բայց հյուրանոցներում հանգստացող շատ զբոսաշրջիկների կտեսնեք, հատկապես՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից։ Քաղաքի յուրօրինակ գեղեցկությունը հմայում է եվրոպացիներին։ Անապատային այցելությունների ցանկում ներառեք Մատմատա քաղաք, որտեղ բերբերներն են ապրել ու նրանցից շատերն այսօր էլ ապրում են յուրահատուկ քարանձավ-տներում։ Աշխարհի տարբեր երկրներից «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի երկրպագուները գալիս են այս կողմեր՝ հատուկ Տատուին մոլորակը տեսնելու։ Դեպի Սահարա երկօրյա տուրը միջինն արժե 100-150 դոլար։
1 / 4

«Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման վայրը Թունիսում

2 / 4

«Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման վայրը Թունիսում

3 / 4

«Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման վայրը Թունիսում

4 / 4

Բերբերների տունը Թունիսի Մատմատա քաղաքում

Ո՞ր հանգստավայրն ընտրել

Եթե երիտասարդ եք, ուզում եք ոչ միայն ծովափնյա հանգիստ, էքսկուրսիոն տուրեր, այլև ակտիվ, գիշերային կյանք, ուրեմն Սուսում կանգ առեք։ Այստեղ կան բազմաթիվ դիսկոտեկտներ, բարեր, ակումբներ, որոնցում կարող եք մինչև ուշ գիշեր լավ ժամանակ անցկացնել։ Քաղաքն էլ չափազանց գեղեցիկ է, օրինակ, մեդինան՝ հին քաղաք, որը ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից է պահպանվում։
1 / 5

Հնագիտության թանգարան Սուս քաղաքում

2 / 5

Թունիսի Սուսսքաղաքի мեդինան

3 / 5

Հնագիտության թանգարան Սուս քաղաքում

4 / 5

Դռներ Թունիսի Սուս քաղաքի мեդինայում

5 / 5

Տարեց կինը Թունիսի Սուս քաղաքի мեդինայում

Ի՞նչ բերել Թունիսից

Առաջին հերթին ձիթայուղ, որը Թունիսում տեղական արտադրության է և իսկապես շատ լավ որակի, արմավ՝ խուրմա, դրա կորիզից պատրաստված սուրճ և բնական շաքար, տարատեսակ հուշանվերներ՝ ուղտեր, ձիթենու փայտից պատրաստված իրեր, կերամիկայի սպասք, ուղտի կաշվից պայուսակ, գոտի, դրամապանակ և այլն։
Թունիսյան հուշանվերներ
Նշենք, որ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Թունիս է այցելել Երևանից դեպի Թունիս ուղիղ չվերթերի պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա» տուր-օպերատորի կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում։