Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի. կաթողիկոսի ուղերձը

Մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Բանակի նվիրական օրվա առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել հայկական բանակի կազմավորման 32-ամյակի կապակցությամբ։
«Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։
Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։ Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին, կաթողիկսը մտահոգություն է հայտնել առկա լարված ու պատերազմական իրավիճակի, մասնավորապես մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Սակայն շեշտել է՝ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և «հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը»։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 32-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: