ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անվտանգային համակարգերի մասին արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և ՀՀ համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը: ՀՀ բանակի կազմավորման 32–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարպարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով վերանայել մեր ռազմավարական պատկերացումները:
«Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք–զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի ՀՀ կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը:
Անվտանգության ապահովման տեսակետից, ըստ նրա` առանցքային երկու գործոն կա` արտաքին հարաբերությունները և միջազգային իրավունքի տեսակետից վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը:
«ՀՀ–ն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»,– հստակեցրեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարություններին՝ կապված ՀՀ բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ:
«Ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»,– ընդգծեց նա:
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ է հայկական կողմն առաջարկել Ադրբեջանին: Օրինակ` զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ:
Ըստ նրա` այդ սահմանը 1991 թ. Ալմա–Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Փաշինյանի խոսքով` զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:
Բացի այդ, ըստ նրա` ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում: Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանին արած իր առաջարկի` սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի մասին։
«Նաև առաջարկել եմ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,– հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ–ն հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից: