ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել հնդկական զինված ուժերի և բարեկամ պետությունների համար ռազմական տեխնիկայի, այդ թվում ՝ ուղղաթիռների և սուզանավերի համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»` հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։
Նշվում է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում։ Նախօրեին նա եղել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի գլխավոր հյուրը, հանդիպել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ներկա գտնվել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմանի պաշտոնական ընդունելությանը:
«Մակրոնն ու Մոդին պայմանավորվել են ընդլայնել կապերը ռազմական արտադրության, միջուկային էներգետիկայի, տիեզերքի հետազոտությունների, առողջապահության, գյուղատնտեսության և կլիմայի փոփոխության ոլորտներում արհեստական բանականության միջոցների օգտագործման վերաբերյալ»,–գրում է լրատվամիջոցը:
Մասնավորապես, Հնդկաստանում կբացվի ֆրանսիական Safran SA ընկերության ամենաարդիական շարժիչների, ինչպես նաև ֆրանսիական արտադրության Dassault Rafale կործանիչների շարժիչների վերանորոգման և սպասարկման կենտրոն։
Գործարքների արժեքը, սակայն, չի նշվում։
Հնդկական Tata Group կոնգլոմերատը և Airbus-ը նույնպես համաձայնագիր են ստորագրել քաղաքացիական ուղղաթիռներ արտադրելու վերաբերյալ։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ռուսաստանից հետո Ֆրանսիան Հնդկաստանի զենքի խոշորագույն մատակարարն է։