Գերիներով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի Հանրապետության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հանձնաժողովը տվյալներ է հրապարակել։
«Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: Բացի այս, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության և ԼՂ–ի 993 քաղաքացի համարվում է անհետ կորած 90-ականների սկզբից, և Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:
Նշենք, որ հունվարի 23–ին կայացած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ՀՀ–ն ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կ փոխանցի Ադրբեջանին, քանի որ տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։
ՀՀ ԱԳ ղեկավարը հիշեցրել էր, որ հայկական կողմը Ադրբեջանին երկու անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները, սակայն ադրբեջանական կողմից անընդհատ մեղադրանքներ են լսել, թե դրանք ճշգրիտ չեն։ Մինչդեռ այդ նույն տարածքների ականապատումը շատ հաճախ սկսվել է 1990–ականների սկզբին հենց Ադրբեջանի կողմից։
Հունվարի 25–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարեց, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Երևանի բարի կամքի դրսևորմանը, պահանջել է բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ, որոնք «ամբողջությամբ չեն տրամադրվել Ադրբեջանին»: Բաքուն տեղեկատվական արշավ է սկսել` Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ` ասելով, որ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել այդ քարտեզներում չնշված վայրերում։