ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Մայր Հայաստան» խմբակցությունը Վերաքննիչ դատարանում դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ավինյանի լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։
«Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է ավագանու հատուկ նիստում, որն իրավազոր չի եղել, քանզի չի ապահովվել քվորում: Այդ նիստին պետք է ներկա լինեին ավագանու առնվազն 33 անդամ, ինչը տեղի չի ունեցել»,–գրել է նա։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին նույն թեմայով իր կողմից ներկայացրած հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը չէր ընդունել վարույթ՝ ձևական պատճառաբանությամբ։ Այդ որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարանում։ Դատարանը որոշել է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման վիճարկմանը վերաբերող հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ հոկտեմբերի 10-ի անդրանիկ նիստում։
Ավինյանի երդմնակալությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 13–ին, արարողությանը ներկա էր երկրի բարձրագույն իշխանությունը, ներկա չէին Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը` այդ թվում «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար ծախսվել է 87,3 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ–ն, գնումը կատարվել է մեկ անձից: