Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի բացառում Բաքվին հնարավոր ականների մասին նոր տվյալների փոխանցումը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը և վճռական ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես՝ 2020 թվականի աշնանը: Նա շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի պարտության հետ կապված էլ ավելի ծանր իրավիճակը կանխելու գործում:
Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան միշտ մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։
«Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, պահվող անձանց փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը», - ասել է Զախարովան։
Օրերս ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին ասել էր, որ Երևանը չի բացառում Բաքվին հնարավոր ականների մասին նոր տվյալների փոխանցումը: Նրա խոսքով՝ Երևանը երկու անգամ Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները, սակայն ադրբեջանական կողմից անընդհատ մեղադրանքներ է լսել դրանց անճշտության վերաբերյալ: Մինչդեռ դեռ 1990-ականներից այդ տարածքներում եղել են հենց ադրբեջանական կողմի տեղադրած ականները։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր հերթին հայտնել է առաջիկայում ադրբեջանական կողմին նոր տվյալներ փոխանցելու մասին: