ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բանտարկյալին մահապատժի են ենթարկել ազոտի օգնությամբ

Մահապատիժը կայացել է ԱՄՆ Գերագույն դատարանում բարձրագույն պատժաչափը վիճարկելու անհաջող փորձերից հետո, ինչպես նաև ի հեճուկս ՄԱԿ-ի և իրավապաշտպանների առարկությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի պատմության մեջ ազոտի միջոցով առաջին մահապատիժն է տեղի ունեցել Ալաբամայում։ Կյանքից զրկվել է 58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը, որը դատապարտվել էր պատվերով սպանության համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը։
«Արդարադատությունը կայացավ։ Սմիթը կյանքից զրկվել է»,-հայտնել է Մարշալը։
ԱՄՆ–ի պատմության մեջ նման եղանակով առաջին մահապատիժը տեղի է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանում այդ միջոցը վիճարկելու անհաջող փորձերից հետո, ինչպես նաև ՄԱԿ-ի և իրավապաշտպանների առարկություններին հակառակ:
Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որով դավաճանության համար պաշտոնյաներին մահապատիժ է հասնում
58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը մահապատժի է դատապարտվել 1988 թվականին կատարված հանցագործության համար։ Նման բարձրագույն միջոցը արտոնված է ԱՄՆ երեք նահանգներում, սակայն գործնականում մինչ օրս ոչ մի անգամ չէր կիրառվել։ Մահապատժի ընթացքում շնչառական դիմակի միջոցով դատապարտյալին ազոտ են տալիս, ինչն առաջացնում է հիպոքսիա և, վերջնարդյունքում, մահ։
Նման մեթոդի կողմնակիցները նշում են դրա անցավ լինելը, մինչդեռ հակառակորդները նկատում են, որ մահապատժի ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, ինչի արդյունքում այն կարող է վերածվել խոշտանգման:
ԵՄ-ում մեկնաբանել են Իրանում Բրիտանիայի քաղաքացի նախկին փոխնախարարի մահապատիժը
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սմիթն ինքն է ընտրել այդ մեթոդը։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ բարձրագույն պատժի ի կատար ածման մի քանի փորձեր անհաջող են եղել։ 2022 թվականի նոյեմբերին մահապատիժը պետք է իրականացվեր «մահացու կոկտեյլի» ներարկման միջոցով, սակայն կատարողները չեն կարողացել մահապատժի համար հատկացված ժամանակահատվածում կաթետրը մտցնել դատապարտյալի երակը։