Նարինե Հայրապետյանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, ցուցմունքը տեսաձայնագրված է. ՔԿ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Մայր Հայաստան» դաշինքի անդամը հերքել է իր նկատմամբ ճնշման հանգամանքը և հրաժարվել իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանն իր առևանգման մասին ներկայացրած հաղորդումից հետո ոստիկանության կազմած արձանագրությունում հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն ինքն արել է քաղաքական նկատառումներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել»,– գրել է Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինն իրեն առաջարկել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։
Նարինե Հայրապետյանը, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը հայտնել էր, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և ոստիկանական բռնաճնշումների պատճառով։ նա ասել էր նաև, որ ցուցմունքն իր փոխարեն գրել են ոստիկանները և ստիպել իրեն ստորագրել այն։