ՀՀ կառավարությունը ՍԴ է ուղարկել ԵՄ դիտորդների կարգավիճակի մասին համաձայնագիրը

Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության վերաբերյալ բոլոր հարցերը, ներառյալ նրանց բնակեցման և առողջական խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին և այն ուղարկել ՍԴ՝ համապատասխանությանը սահմանադրությանը որոշելու համար։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի և Հայաստանում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսի կողմից ու մինչ օրս վավերացված չէ ԱԺ-ի կողմից։

Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության վերաբերյալ բոլոր տեխնիկական հարցերը, ներառյալ նրանց բնակեցման և առողջական խնդիրները։ Այս և այլ հարցերի դրույթը առաքելության անդամների համար մոտավորապես նույնն է, ինչ օտարերկրյա դիվանագետների համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։
2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբը բացվել է Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: