ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Անապահովության գնահատման համակարգի նոր հայեցակարգն արդեն պատրաստ է ներդրման։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկման արդյունքներով կարելի է արձանագրել, որ փաթեթը մշակված է և կարելի է սկսել նոր համակարգի ներդրման աշխատանքները»,– ասել է վարչապետը։
Մինչ այդ ներկայացնելով անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է անապահովության գնահատման գործող համակարգում առկա խնդիրները՝ կապված համակարգի բանաձևի, հասցեականության և արդյունավետության հետ:
«Գործող համակարգի բանաձևի թերությունը կայանում է նրանում, որ խոցելիության անուղղակի գնահատման հիմքով ենթադրյալ անապահովություն է չափվում և բանաձևի հիմքում եկամուտների հաշվարկը երկրորդական դեր է խաղում: Ամենակարևոր բանը, որ պետք է փոխենք, բանաձևի փոփոխությունն է նոր համակարգում, այսինքն՝ ոչ միայն ընթացակարգերը, ոչ միայն թիրախի հարցը, այլ հենց բանաձևի տրամաբանությունը»,– ասել է Աննա Ժամակոչյանը։
Փոխնախարարը հայտնել է, որ սա հաշվի առնելով՝ նոր բանաձևի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: Նա նշել է, որ այս պահին ամենակարևորը բանաձևի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի անապահովության իրական պատկերը և գնահատված անապահովությունը տեսանելի և հասկանալի լինի։
Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ` նոր մեթոդի միջոցով նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի կողմից տնօրինվող եկամուտների հիման վրա:
Որպես նոր համակարգի թիրախ, ըստ Աննա Ժամակոչյանի, վերցվում է մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը:
«Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին և հասնել այն նպատակին, որ կառավարությունն իր առջև դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը:
Անձանց աշխատանքի խրախուսման առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնանն ընդգծել է, որ աշխատանքի շուկայում տարբեր ծրագրեր կան և հավելել.
«Կարող ենք նախատեսել հետագա խթաններ, որպեսզի գործատուին էլ, աշխատողին էլ շահագրգռություն հաղորդենք: Ի՞նչն է իմ ասածի նրբությունը: Մարդը 20 տարի նպաստի համակարգի մեջ է, և 20 տարի պետությունն ահռելի միջոցներ է ծախսում իր համար, բայց դրանից իր կյանքը չի լավանում: Սա է խնդիրը: Մենք այս ծրագրին պետք է մոտենանք այս 20 տարվա տրամաբանության մեջ, որովհետև կարող է սուբսիդավորման, եկամտային հարկի, այլ ծրագրերով իրեն ուղեկցենք մինչ մեր ասած աշխատանքն արդեն իր մոտ դառնա մենթալիտետ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ։