Երևանում այրվել է NewsPress-ի տնօրենի Range Rover–ը. նախնական տվյալներով՝ այն հրկիզվել է

Sputnik
Երևանում հրկիզել են NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին, իսկ ահազանգը ստացվել է ժամը 01:15-ի սահմաններում։ Հայտնել են, որ Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
«Պարզվել է` հրդեհը բռնկվել էր կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ Արիաննա Հովսեփյանն ու քաղաքացիները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,– գրում է կայքը։
Ավտոմեքենան պատկանում է NewsPress.am-ի տնօրեն Արիաննա Հովսեփյանին։
Նա «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում վստահեցրել է` մեքենան միտումնավոր են հրկիզել ու ինքն էլ գիտի, թե հեղինակն ով է։ Հովսեփյանը տեսանյութում դիմում է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և պահանջում, որպեսզի մեղավորը հնարավորինս արագ ձերբակալվի։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում փաստաթղթեր են պատրաստվում։