Սահմանադրական փոփոխությունների ջանքերը կրում են անհետևողական, փնթի բնույթ. Լևոն Զուրաբյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթավերջին հայտարարել էր, թե Հայաստանը կարիք ունի ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Վարչապետի խոսքով՝ պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ նոր պայմաններում:
Հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկու օր առաջ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ «Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի Սահմանադրությունն էլ, ըստ էության, բացառություն չէ, բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի»,-ասել էր նախարար Միրզոյանը` հավելելով, որ երկու կողմերն էլ իրավական խնդիրներ տեսնում են և դրանք ներկայացրել են միմյանց։
Մայր օրենքի հնարավոր փոփոխության մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է. «Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի ջանքերը կրում են անհետևողական, իմպուլսիվ, ես կասեի` փնթի բնույթ»։
Զուրաբյանը հիշեցրել է, որ 2018-ից հտո արդեն երրորդ անգամ է հայտարարվում Սահմանադրությունը փոխելու մասին։ Բայց բոլոր դեպքերում էլ իշխանությունը հստակ չի ասել, թե ինչ նպատակով են նախաձեռնում այդ փոփոխությունները։