ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Բագրատաշենի մաքսային կետում «ԱԳԱԹ ԱՇՈՏ» և «ԿԱՖԵ ԴՅՈւ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ–ների բեռնատարներով փորձ է արվել ՀՀ–ից ՌԴ ապօրինի արտահանել շուրջ 17 տոննա սուրճ, ինչը ՀՀ մաքսային մարմինների կողմից կանխարգելվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ ուղեկցող փաստաթղթերի` ՀՀ–ից ՌԴ պետք է տեղափոխվեին մի քանի ապրանք, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն:
«Պարզվել է, որ ՀՀ–ում գրանցված ընկերությունները բեռն ուղեկցող փաստաթղթերում սուրճի քաշը նշել են ավելի շատ, քան փաստացի առկա է եղել բեռնատարում, իսկ այլ` ավելի էժան արժեք ունեցող ապրանքների քաշը ցույց են տվել փաստացի բեռնատարում առկա քաշից ավելի քիչ։ Այսինքն` բեռնատարում առկա ապրանքների ընդհանուր քաշը պահպանելով` ընկերությունները փաստացի չտեղափոխվող, սակայն ավելի թանկ արժեք ունեցող ապրանքը` սուրճը, փորձել են ձևակերպել իբրև ՀՀ-ից արտահանվող ապրանք»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
ՊԵԿ–ի նախնական գնահատմամբ` այս ապօրինի սխեմայի նպատակն է եղել ընկերությունների ապրանքային մնացորդները ստվերային եղանակով ՀՀ տարածքում իրացնելը` քողարկելով դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանման փաստաթղթավորմամբ։
Այդպիսով ծրագրում էին հետ ստանալ ձեռքբերման ԱԱՀ-ի գումարները և թաքցնել ՀՀ տարածքում սուրճի վաճառքից առաջացող ԱԱՀ-ն: