Հունվարի 22–ին և 23–ին ՆԳՆ փրկարարական ծառայողները հանրապետության ճանապարհների խնդրահարույց հատվածներում արգելափակումից դուրս են բերել 144 տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ճանապարհներին գրանցվել է խցանման և արգելափակման 94 դեպք, 261 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
Ամփոփելով` գերատեսչությունից նշում են, որ հունվարի 1–ից 24–ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհներին գրանցվել է 374 դեպք։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 964 տրանսպորտային միջոց և 1790 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Նշվում է, որ գրանցված դեպքերին և պատահարներին առավել օպերատիվ արձագանքելու համար հերթապահություններ են սահմանվել Երևան–Սևան ավտոճանապարհի երեք հատվածներում, Արագածոտնի մարզի Քուչակ, Շիրակի մարզի Կարմրավան և Վարդաղբյուր գյուղերի, Սյունիքի մարզի Գորայք, Աղվանի, Շինուհայր, Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր, Լոռու մարզի Փամբակ բնակավայրերի, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 161–րդ կիլոմետրի, Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 7–րդ կիլոմետրի, Դիլիջանի թունելի, Սևանի թերակղզու և Պուշկինի ոլորանների մոտակայքում։