ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, որից 373–ը կապված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2023 թվականին հայտնաբերված դեպքերի թիվը 11.97%-ով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):
Ըստ հրապարակման`2023 թվականին հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2,5 կգ-ով ավելի է, քան 2022 թվականին։ Բացի այդ, հայտնաբերվել է 12 կգ 490 գ մետամֆետամին, որը մոտ 5,2 կգ ավելի է, քան 2022 թվականին։ Հայտնաբերվել է նաև մոտավորապես 2 կգ 200 գ հաշիշ, 80 դեղահաբ ֆենտանիլ (2022 թվականին հաշիշ և ֆենտանիլ չի հայտնաբերվել), ինչպես նաև մոտավորապես 1 կգ 220 գ կոկաին, իսկ 2022 թվականին հայտնաբերվել է 8 գ։