ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. Sputnik. Կյանքի 83-րդ տարում մահացել է երաժիշտ, կոմպոզիտոր, Boney M. խմբի ստեղծող ֆրանկ Ֆարիանը (իսկական անունը՝ Ֆրանց Ռոյթեր): Տեղեկությունը հայտնել է NTV հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ֆարիանը մահացել է Մայամիի իր տանը։
1961 թվականին Ֆարիանը ստեղծեց Frankie Farian und die Schatten խումբը, որի հետ ելույթ էր ունենում տեղական ռեստորաններում և պարային ակումբներում։ Ֆարիանը հայտնի է դարձել 1964 թվականին, երբ խումբը Համբուրգում մասնակցում էր միջազգային ռոք փառատոնի։ 1968 թվականին նա սկսել է մենակատարի կարիերան։
Սակայն 1970-ականների կեսերից նրա կարիերան աստիճանաբար մարեց, և Ֆարիանը սկսեց փոփ երաժշտությամբ զբաղվել։ Նա հեղինակ է Boney M.-ի այնպիսի հիթերի, ինչպիսիք են Rasputin-ը և Daddy Cool-ը: Բացի այդ, Ֆարիանը հիմնել է մի քանի այլ փոփ նախագծեր, այդ թվում՝ Eruption, Precious Wilson, Far Corporation, Milli Vanilli, La Bouche։
Ֆարիանը համարվում էր 1970-ականների և 1980-ականների միջազգային ամենահաջողակ գերմանացի պրոդյուսերը: Նրա ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 800 միլիոն օրինակով։