ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Փորձում են փոխել ամբողջ հայ ժողովրդի պատմությունը և այն դարձնում են տարածքի պատմություն։ Դատական նիստի ավարտին նիստերի դահլիճում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման վերաբերյալ։
Նշենք, որ ԿԳՄՍՆ–ն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Նախարարությունից վստահեցնում են, որ կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում:
«Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել ոչ միայն Սահմանադրությունը, այլ նաև ժողովրդի անցյալը, ներկան, որպեսզի շարունակի իշխել ապագայում։ Պետք է կանխել այդ բոլոր փորձերը։ Նա փոխում է անցյալը, որպեսզի մնա իշխանություն ապագայում, և սա հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է»,–ընդգծեց Աշոտյանը։
Ըստ նրա` առարկայի անվանափոխությամբ փոխվում է ոչ միայն ղարաբաղցիների պատմությունը, մշեցիների կամ սասունցիների պատմությունը, այլ ամբողջ հայ ժողովրդի պատմությունը։