Գավառ–Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենայի կողաշրջման հետևանքով 13 ուղևորից 9-ը բուժօգնության է տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ «Գազելը» կողաշրջվել է հունվարի 23-ին, ժամը 10։20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում։
«Ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորից 9-ը բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։ Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթուղով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։
Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն: Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։