Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ապօրինի ներգաղթյալ հայերը ֆերմերի են վրաերթի ենթարկել

Ֆրանսիացի ոստիկան. Արխիվային լուսանկար
2023 թվականին հայերին վերջնականապես մերժել են փախստականի կարգավիճակ տալ և հրահանգել են լքել երկրի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ֆերմերների մի ընտանիքի են վրաերթի ենթարկել, իսկ մեքենայում անօրինական ներգաղթյալ հայեր են եղել։ Գրում է Le Parisien թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը։
Պարբերականի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են երեք հայաստանցիներ, որոնք տեղում ձերբակալվել են։ Վրաերթի ենթարկվածները մի ընտանիքի անդամներ են։ 32-ամյա կինը տեղում մահացել է, իսկ ամուսինն ու 14-ամյա դուստրը ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել։
Թերթը գրում է, որ անօրինական ներգաղթյալ հայաստանցիները 2022 թվականից Ֆրանսիայից փախստականի կարգավիճակ են խնդրել, սակայն 2023 թվականի աշնանը նրանց վերջնականապես մերժել են և երկրի տարածքը լքելու հրահանգ են տվել։ Քանի որ հաշվառված չեն եղել հատուկ ծառայություններում՝ նրանց անհապաղ արտաքսման անհրաժեշտություն չի եղել։
Միջադեպի հետևանքով երկու ապօրինի ներգաղթյալներ ևս հոսպիտալացվել են։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե արդյոք նրանք հատուկ են վրաերթի ենթարկել ֆերմերներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում ավտոմայրուղու այդ հատվածում։ Նշվում է, որ 44-ամյա վարորդի արյան մեջ թմրանյութ և ալկոհոլ չի հայտնաբերվել: