ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում խնդիրներ կան․ մի կողմից՝ էներգիայի որակը, մյուս կողմից՝ մատակարարման որակը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաշտվետվությունն ընդունելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ սպասարկման որակի խախտման համար մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին:
«Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 մլն դրամի տույժ է վճարում»,- տեղեկացրել է ՀԾԿՀ նախագահը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
Վարչապետն անդրադարձել է նաև մատուցվող ծառայությունների սակագնին, շեշտել՝ այն պետք է սպառողին երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ:
«Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ: Իհարկե, պարզ է, որ այդ ամեն ինչը մի գործողությամբ չի արվում, բայց կարծում եմ՝ այս համակարգերը բավականին երկար գործում են, և մենք պիտի կոնկրետանանք այս խնդրի լուծման մեջ և խնդիրն այս կոնկրետության մեջ ձևակերպենք»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
Փաշինյանն կարևորել է Հայաստանում վերականգնվող Էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացումը։ Ըստ նրա՝ ավելի արդյունավետ կլինի ոչ թե կուտակել արտադրվող էլեկտրաէներգիան, այլ այն արտահանել, կուտակել դրանից ստացվող միջոցները և հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև գազամատակարարման, ջրամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորումներին, առկա խնդիրներին, դրանց լուծման հետագա քայլերին: