Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարն ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձավ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությանն ու կողմերի պարտավորություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում։ 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը։
«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում կամ ստորագրած երեք կողմերից երկուսը խախտել են այդ կետերը։ ՀՀ–ն միշտ հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որը ինքն էր ստանձնել»,– ընդգծեց նա։
Նա նշեց` հայտարարության մյուս երկու կողմերը, ցավոք, այդպես չեն վարվել և ապացույցներն ավելի քան շոշափելի են առաջին հերթին ԼՂ–ի և Լաչինի միջանցքի մասով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
2023–ի սեպտեմբերի 19–ին, սակայն, լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։