Առատ ձյուն, մերկասառույց և բուք․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Ճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության տարբեր շրջաններում ժամը 20։30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ տեղացող առատ ձյան և բքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Մասնավորապես, ձյուն է տեղում Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Նաիրիի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում։
«Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- տեղեկացնում են դեպարտամենտից։
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները։ Իսկ Սպիտակի լեռնանցքը և Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար։ Վարորդները կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։
Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Դեպարտամենտից նաև տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: