ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից կհանվեն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այսօր ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»,– գրել է պատգամավորը։
Պատգամավորը նշում է, որ հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը` այլ մանրամասներ կներկայացվեն հունվարի 25–ին նախատեսված գործով ներգրավված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք` 2023–ի հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին: Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: