ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնացքներում բուք է։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ այսօր` ժամը 17։00–ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Վայքի, Սիսիսանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: