Ստանիսլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարը ներկայացրել է 2024–ի պրեմիերաները

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը
Կարեն Ներսիսյանը նաև ամփոփել է 2023-ին արված աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թվականը սկսում է Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման պրեմիերայով։ Պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։
«Ես շատ գոհ եմ դերասանական խաղից։ Ինչ-որ մեկին ներկայացումը կարող է դուր գալ, ինչ-որ մեկին՝ ոչ: Բայց ինձ թվում է, որ պետք է տեսնել, թե ինչպես է Հռիփսիմե Նահապետյանը խաղում Մոցարտ, Ելենա Վարդանյանը՝ Մեֆիստոֆել, Արեն Խաչատրյանը՝ Ֆաուստ, Արթուր Պետրոսյանը՝ ժլատ ասպետ»,-ասաց Ներսիսյանը։
գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը Sputnik Արմենիայում
Նշենք, որ «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումը ներառում է Պուշկինի ամենանշանավոր դրամատիկ գործերը՝ «Տեսարան Ֆաուստից», «Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի», «Քարե հյուրը» և «Խնջույք ժանտախտի պահին»։
Փետրվարի վերջին տեղի կունենա ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադրած Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի նոթատետր» ներկայացման պրեմիերան ու Կունիի «Հայրիկը սարդոստայնում» երկու գործողությամբ կատակերգության պրեմիերան՝ Վերոնիկա Սարոյանի բեմադրությամբ։
Նախատեսվում է նաև հրավիրված ռեժիսոր Արսեն Խաչատրյանի Յասմինա Ռեզայի «Կոտորածի աստվածը» ներկայացման պրեմիերան: Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը ծրագրում է բեմադրել Սոփոկլեսի «Էդիպուս արքա» ներկայացումը։
Ամփոփելով 2023 թվականը` Ներսիսյանն ասաց, այն լավն է եղել թատրոնի համար։ Բեմադրվել է ութ նոր ներկայացում։ Բացի այդ, թատերախումբը մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների ՌԴ քաղաքներում, տեղի են ունեցել հյուրախաղեր ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: