Մալաթիայի խաղահրապարակի սարքավորումներից մեկն այրել են 3 անչափահաս. ՆԳՆ պարզաբանումը

Մալաթիայի այրված խաղահրապարակը
Ընդհանուր առմամբ հրկիզելու պատճառով հասցվել է 1 մլն դրամի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի «Մալաթիա» պուրակում սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը հրկիզել են 3 անչափահաս պատանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Իրավապահները պարզել են, որ անհայտ անձինք դիտավորությամբ հրկիզել են սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 14-ամյա, 15-ամյա և 16-ամյա երեք պատանի»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նրանք ծնողների հետ ներկայացվել են բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են: Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանություն պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է: Ոստիկանության և փրկարար ծառայության խմբերը մեկնել էին դեպքի վայր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։21-ին, մարվել՝ 19։31-ին: Այրվել է մոտ 40 քմ խաղահրապարակի գույքը։