ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը ներկայացվել է կառավարություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարից կսկսվի խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը։
«Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության։ Ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,– ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի վրա:
«Անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան»,– նշել է Փաշինյանը։
Այս ամենի հետ մեկտեղ, նա նաև վստահ է` ՀՀ–ի համար կառավարման ամենահարմար մոդելը հենց խորհրդարանականն է։ Վարչապետն ընդգծել է, որ դրանում համոզվել է 2020 թվականի հետպատերազմյան շրջանում։ «Եթե մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, այդ ժամանակահատվածում մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա»,– ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։
Խորհրդի նախագահն այն ժամանակվա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր, կազմում էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ավելի ուշ հայտնեց, որ 2024 թվականի վերջին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ կլինի։