ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Արգենտինայի նախագահի, Անտոնիո Գուտերեշի և Ջոն Քերիի հետ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի և Վահագն խաչատուրյանի հանդիպումը Դավոսում
Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«ՀՀ նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարևորվել են նաև հայ–արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:
Նախագահը հանդիպել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն, տևական խաղաղության հաստատման շուրջ ՀՀ սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:
ՄԱԿ Գլխավոր քարտուղարն իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար:
Վահագն Խաչատուրյանի և Ջոն Քերիի հանդիպումը Դավոսում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանրապետության նախագահը ևս զրույցել է` անդրադառնալով մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին: