Գրեթե 1 կգ հերոին, ափիոն և մարիխուանա. բացահայտվել է ապօրինի իրացման դեպք

Առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու կասկածով ձերբակալվել է 3 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է հերոինի, ափիոնի և մարիխուանայի ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը ստացել էր օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։
Նրանք ձերբակալվել են հունվարի 17-ի երեկոյան Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում` Սյունիքի մարզի 42-ամյա մի բնակչի վարած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվելով։
«Անձնական խուզարկությամբ 35-ամյա երևանցու մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի փաթեթ` հերոինի նմանվող 819 գրամ զանգվածով: 47-ամյա երևանցու մոտ հայտնաբերվել է ափիոնի նմանվող շագանակագույն լուծույթով լցված ներարկիչ, Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի մոտ` մոխրացած հետքերով ապակյա գլանակ, իսկ սյունեցի վարորդի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դատարանի որոշմամբ հունվարի 18-ին խուզարկություն է կատարվել նաև ԲՄՎ մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել է երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող մոտ 88 գրամ զանգվածով: