Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման 60 մլն եվրո վարկը հաստատվեց

Արխիվային լուսանկար
Համաձայնագիրը Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար 60 մլն եվրո վարկը ՀՀ կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում։
ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։
Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027 թ. սեպտեմբերի 30–ին։ Վարկը պետք է մարվի մինչև 2028 թ. մարտի 31–ը:
«Համաձայնագրով կկառուցվի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը»,– նշված է համաձայնագրի մեջ:
Ճանապարհաշինության աշխատանքներն իրենց մեջ կներառեն Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որը կապահովի մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելիք 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջը, Արշակունյաց պողոտայում կառուցվելիք թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը:
Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի 1,9 կմ: