ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բարոմետրերի, մանոմետրերի, ջերմաչափերի և սնդիկի հավելիչով այլ արտադրանքի արտահանումն ՀՀ–ից ու ներմուծումը Հայաստան ևս 6 ամսով կարգելվի։ ՀՀ–ից արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ 2023 թ. օգոստոսի 11–ի հաստատված ցանկի` սնդիկի հավելիչով արտադրանքի մեջ մտնում են բարոմետրերը, մանոմետրերը (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), ջերմաչափերը, հիգրոմետրերը, սֆիգմոմանոմետրերը (արյան ճնշաչափ) և այլն։ Այս որոշումն ուժի մեջ է մտնելում 2024 թ. փետրվարի 13-ից` վեց ամիս ժամկետով։
«Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Սնդիկի հավելիչով արտադրանքից որոշները հանդիսանում են ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ։ Այսինքն, այդ արտադրանքը շուկայահանման դեպքում (ներառյալ՝ ներմուծումը) պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության գնահատման փաստաթղթերով։