Բանակում վերջին 4 տարում ՄԻՊ–ն արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ

Զինծառայողների սաղավարտներ
ՀՀ ԶՈւ–ում կարգապահական խնդիրները լուծելու համար կանխարգելիչ քայլերի միասնական հայեցակարգ պետք է ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերում վերջին 4 տարում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ։ Այդ մասին ասուլիս ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
«2018 թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020 թ.՝ 54 դեպք, 2021 թ.՝ 58 դեպք, 2022 թ.՝ 64, 2023 թ. ավելի շատ»,– նշեց նա։ Ըստ նրա` նույն իրավիճակն է նաև ինքնավնասումների առումով․ 2020 թ.՝ 65, 2021 թ.՝ 77, 2022 թ.՝ 108 ինքնավնասման դեպք։
«Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին՝ միանգամից մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա և ներկայումս էլ առկա է»,– ընդգծեց Եղոյանը։
Նրա կարծիքով` ՀՀ ԶՈւ–ում խնդիրը կարգավորելու համար կանխարգելիչ քայլերի միասնական հայեցակարգ պետք է ստեղծել։
Հիշեցնենք, որ հունվարի 9–ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վերքով: Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակին արձակած կրակոցի հետևանքով։ Նույն օրը, հունվարի 9-ի առավոտյան պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ դարձյալ հրազենային վերքով։ Պարզվեց, որ զինծառայողի վրա կրակել էր նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։