ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ֆիլիպպո Գրանդին հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով:
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նա հանդիպել է նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր:
Նշենք, որ երեկ էլ Վահագն Խաչատուրյանը հանդիպում էր ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Նրանք խոսել են հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մասին։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահն աշխատանքային այցով Շվեյցարիայում է հունվարի 15-18-ը։