ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբին՝ հունգարական «Ֆերենցվարոշին»:
Հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու տարբերակը հետաքրքիր է համարել ակումբի կողմից հետաքրքրության մասին իմանալուց անմիջապես հետո:
«Ուզում եմ պարզապես զարգանալ, սովորել, միջազգային ասպարեզում հաղթանակների և լավ արդյունքների հասնել։ Գիտեմ, որ ակումբը միշտ պայքարում է չեմպիոնության համար։ Գիտեմ, որ այստեղ շատ ակտիվ երկրպագուներ կան։ Ուզում եմ արագ զգալ նրանց աջակցությունը», - ասել է Սևիկյանը։
Ֆուտբոլիստը նաև ասել է, որ ֆուտբոլիստներից ոչ մեկին չի ճանաչում, բացի «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Ռամիրեսից:
«Մարզիչ Դեյան Ստանկովիչի մասին կարող եմ ասել, որ միշտ հետևել եմ նրան, երբ նա «Ինտերի» խաղացող լինելով` հաղթանակների է հասել։ Նա այն մարդն է, ով կարող է ինձ շատ բան սովորեցնել», - ասել է նա։
Ավելի վաղ Նիժնի Նովգորոդի ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Դմիտրի Կոնդրատովը հայտարարել էր, որ հունգարական ակումբն ակտիվացրել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը: Տրանսֆերի արժեքը պետք է 1,1 միլիոն եվրո կազմի։
Հայ կիսապաշտպանը խաղացել է «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբում 2022 թվականի հունիսից։ Մինչ այդ կիսապաշտպանը ներկայացնում էր իսպանական «Լրանտեն»։
Նիժնինովգորոդցիների կազմում Սևիկյանն անցկացրել է 40 հանդիպում, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ։