Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է Վրաստանից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ, 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Տեղեկությունը հայտնել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7% - ը):
«Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի հաճախականությամբ 8-րդն է, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 2-րդը: Սա Հայաստանում բնակվող կանանց շրջանում քաղցկեղից մահացության 7-րդ հիմնական պատճառն է»,–գրել է Մուրադյանը։
Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: 3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին:
Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ:
2022թ.–ին քաղցկեղային հիվանդություններից մահացությունների թիվը նվազել է. Ավանեսյան
Արգանդի վզիկի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են:
Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով):