ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հունվարի 28–ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ–ից բռնի տեղահանվածները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ–ից հայտնում են, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։
«2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում»,– տեղեկացնում են գերատեսչությունից։
Հունվարի 16–ի դրությամբ՝ ստացված դիմումների թիվը 36 200 է, տպագրված վկայականների քանակը՝ 35 800, իսկ դիմումատուներին տրված վկայականները 28 490–ն են:
ՆԳՆ–ից միաժամանակ տեղեկացնում են, որ առաջիկա շաբաթ օրը՝ հունվարի 20–ը ևս աշխատանքային է լինելու անձնագրային ստորաբաժանումներում, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք այդ օրը կարող են ներկայացնել ժամանակավոր պաշտպանության վկայականի դիմումներ, ինչպես նաև կատարել այլ անձնագրային գործողություններ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։