Հայաստանը համաձայնեց հետ ընդունել Ավստրիայում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Մինչ այս պահն ուժի մեջ են մտել 7 երկրի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրություններ` Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հայաստանի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը։
Արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 93 կողմ ձայն:
Ըստ նախագծի՝ ԵՄ անդամ պետությունների հետ շարժունակության ոլորտը խթանելու կարևորագույն նախապայմաններից մեկը ՀՀ-ԵՄ հետընդունման համաձայնագրի պատշաճ իրականացումն է: Այն հատկապես որոշիչ նշանակություն ունի անկանոն միգրացիայի դեմ պայքարի համատեքստում: Համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, կողմերին կոչ է արվում կիրարկման արձանագրություններ կնքել:
Նախագիծը ներկայացնելիս ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անօրինական բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում:
Մինչ այս պահն ուժի մեջ են մտել 7 երկրի հետ արձանագրություններ՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան: