ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. XIV հանրապետական մրցույթի արդյունքում Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Նատաշա Սայամյանը, որը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է։
Ինչպես նշում է կազմակերպիչը՝ Երևանում Ռուսական տունը, մրցույթը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը չի թուլանում, ինչպես նաև հաստատեց ռուսերենի մասնագետ հայ մանկավարժների բարձր որակավորումը:
Նատաշա Սայամյանը
© Sputnik / Asatur Yesayants
Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ երկրի բոլոր մարզերից՝ ընդհանուր առմամբ 21 մարդ:
Պուշկինի ինստիտուտի ռուս գրականության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Սելեզնյովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին գնահատել է հենց ուսուցչի լեզվի իմացության մակարդակը:
«Ցավոք, մի շարք դեպքերում մասնակիցները հիանալի դաս անցկացրին, սակայն չանցան եզրափակիչ, քանի որ սխալներ էին թույլ տալիս բանավոր խոսքում։ Իսկ դա բազային տարր է», - ասաց Սելեզնյովան։
Բացի այդ, նրա խոսքով, ուսուցիչների որակավորումը գնահատվել է մի շարք այլ չափանիշներով՝ դասի կառուցում, առաջադրանքների համապատասխանություն առաջադրված խնդրին, ուսուցչի շփում աշակերտների հետ, ստեղծագործական մոտեցում:
Լարիսա Սելեզնյովան
© Sputnik / Asatur Yesayants
Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մրցույթի աշխարհագրությունն այս տարի լայն էր. մասնակցում էին բոլոր մարզերի ներկայացուցիչները, գալիս էին ամենահեռավոր գյուղերից:
«Բավականին հաճախ եմ լսում մեր հայ-ռուսական մտավորականության տագնապալի բացականչություններն այն մասին, որ ռուսերենը հեռանում է Հայաստանից, ամեն ինչ կորել է։ Բայց դուք հիմա ինքներդ եք տեսնում մեր մրցույթի աշխարհագրությունը», - ասաց Ֆեֆիլովը։
Նա նշեց, որ այս տարի մրցույթը վերաձևակերպվել է, առաջին անգամ սոցիալական ցանցերի միջոցով ժողովրդական քվեարկություն է անցկացվել: Դա հետաքրքիր փորձ է, որը կընդլայնվի: Ֆեֆիլովն ընդգծել է, որ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամեն ինչ անում է, որ ռուսաց լեզուն զարգանա:
Վադիմ Ֆեֆիլովը
© Sputnik / Asatur Yesayants
Ինչ վերաբերում է հաղթող Նատաշա Սայամյանին, ապա նա 34 տարվա փորձ ունեցող մանկավարժ է: Ուսուցիչը խոստովանում է, որ ոչ մի կերպ հույս չի ունեցել եզրափակիչ դուրս գալու, էլ չասած՝ հաղթանակի մասին։ Սկզբում կասկածում էր նույնիսկ մասնակցության վերաբերյալ, բայց ի վերջո որոշեց փորձել ուժերը։
Մրցույթի երկրորդ փուլում նա դաս է անցկացրել իր դպրոցում, որի արդյունքում անցել է եզրափակիչ։ Այնուհետև դասը պետք է անցկացվեր բոլորովին անծանոթ միջավայրում, սակայն Սայամյանին հաջողվեց միանգամից գրավել աշակերտներին։
«Երբ մտնում ես դասարան և տեսնում աշակերտների աչքերը, ամեն ինչի մասին մոռանում ես։ Ուզում ես, որ դասը հետաքրքիր անցնի և՛ քեզ, և՛ նրանց համար։ Շատերի համար դպրոցը գիտելիքի միակ աղբյուրն է», - ասաց Սայամյանը։
Նշենք, որ ժողովրդական քվեարկության հաղթող է ճանաչվել Անահիտ Թավաքալյանը: 7-ամյա ստաժով մանկավարժն աշխատում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: Նրա խոսքով՝ մանկուց երազել է ուսուցիչ դառնալ։
Ձախից՝ Անահիտ Թավաքալյանը
© Sputnik / Asatur Yesayants
«Հայաստանի 2023 թվականի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի ու ժողովրդական քվեարկության հաղթողները կխրախուսվեն՝ մեկնելով վերապատրաստման Ռուսաստան։
Արդեն ավանդական դարձած «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացվում է 2013 թվականից ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների մասնակցությամբ: