Արցախցի երեք անչափահաս տղաները սեպտեմբերի վերջին իրենց ընտանիքներին Հայաստան են հասցրել ավտոմեքենայով. 14–ամյա Գոռը ճանապարհին է եղել 55 ժամ, 12–ամյա Կարենը` 40 ժամ, իսկ 13-ամյա Արենը` 25։ Sputnik Արմենիան զրուցել է նրանց հետ։
Տղաները խոստովանում են` դժվար էր. հա՛մ տխուր էին, հա՛մ էլ վախենում էին Հակարիի կամուրջ հասնել, որտեղ ադրբեջանցիները ստուգում էին մեքենաները։
Կարենին մինչև կամուրջ հասնելն են կանգնեցրել` Ասկերանում։ Կանգնեցրել են ու զարմացել, որ ղեկի դիմաց երեխա է նստած։ Իսկ Գոռի պապիկին անցակետում իջեցրել են մեքենայից և երկար ժամանակ բաց չեն թողել, բայց տղան կարողացել է մեքենան կայանել ու սպասել նրա վերադարձին։ Արենի համար էլ հեշտ չի եղել` ոտքերը հազիվ են հասել ոտնակներին, ձգված է եղել, ու մեջքն ուժեղ ցավել է։
Չնայած դժվար ճանապարհին` երեքն էլ հիմա սիրով շարունակում են մեքենա վարել ու երազել սեփականի մասին։
Գոռը «Լադա Պրիորա» է ուզում, Կարենը` «Նիվա», իսկ Արենը` «Մերսեդես», բայց դրանք` ապագայում, հիմա բոլորն էլ ցանկանում են փորձել բեռնատար վարել ու նոր ռեկորդներ գրանցել։
Տղաները խոստովանում են, որ դեռ ճանապարհային երթևեկության կանոնների կեսը գիտեն, ու վատ են գլուխ հանում պահեստամասերից, բայց ամեն ինչ կսովորեն ու վարորդական վկայական կունենան։
Նրանք պատմել են իրենց անցած ճանապարհի, երազանքների ու Հայաստանում տեղավորվելու մասին։
Ավելի մանրամասն` տեսանյութում։