Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Բազմաթիվ օգտատերեր Սուրենյանի գրառման տակ մեկնաբանություններ են թողել. մի մասը գոհ է երևանյան եղանակային պայմաններից, մի մասն էլ, այնուամենայնիվ, ցանկանում է ձյուն տեսնել մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այնքան ձյուն է տեղացել, որ ձյան շերտը շուրջ 15 սմ է կազմել։ Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ձյան շերտի մեջ դրված քանոնից պարզէ դառնում, որ այն 15 սմ է։
«Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ»,– լուսանկարին կից գրել է Սուրենյանը։
Հայաստանի տարածքում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ
Սոցցանցի օգտատերերի մի մասը նշել են, որ իրենք գոհ են երևանյան եղանակային պայմաններից և չեն էլ ցանկանում, որպեսզի ձյուն գա. «Սենց լավ ա, գոհ ենք», «Կենտրոնում գոհ ենք», «Չենք էլ ուզում», «Դու մի բզբզա», «Սուրենյան, եթե Երևանում ձյուն գա, «բաքսիի» փողերը դու ես տալու» և այլն։
Միևնույն ժամանակ, այս օգտատերերին հակադարձողներ էլ կան, որոնք բողոքում են, որ Արարատում ու Արմավիրում էլ ձյուն չի տեղացել, շատերն էլ Հայաստանի եղանակային պայմանների պատճառով նշում են, որ չեն էլ զգում, թե ձմեռ է։
Բազմաթիվ օգտատերեր, որոնք ցանկանում են, որպեսզի, այնուամենայնիվ, Երևանում ձյուն գա, Սուրենյանի գրառման մեջ գտել են իրենց համար բանալի բառը` «դեռ»։
Հավելենք, որ հունվարի 14-ի ժամը 10։15-ի դրությամբ Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում դեռձյուն էր տեղում։