ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բենիամին Մանուչարյանին (ծնված 2003 թ.) հայտնաբերել են մահացած վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին»,– ասված է հաղորդագրությունում։
ՓԾ–ից հայտնում են, որ փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՊՆ–ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ։ Նրան անմիջապես սկսել էին փնտրել և չնայած հունվարի 13-ի եղանակային անբարենպաստ պայմաններին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել էին։ Դրանք իրականացվել են նաև հունվարի 14-ին։
Հավելենք, որ Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։