Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնում է, թե որքան է այդ հատվածներում կազմել ջերմաստիճանը և որքան ձյուն է տեղացել տարբեր քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր հարավ–արևմուտքից անցած գիշեր ակտիվ ցիկլոն է ներթափանցել, ինչով պայմանավորված այդ հատվածներում ձյան առատ տեղումներ են դիտվել։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
Ջերմուկում ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կազմել է 90 սմ, Գորիսում, Կապանում և Սիսիանում` 20–25 սմ, իսկ Մեղրիում` 15 սմ։ Հրազդան–Ֆանտան հատվածում նույնպես առատ ձյուն է տեղացել` 35-40 սմ ձյան շերտ է եղել։
ՊՈԱԿ–ից նշում են` Արարատյան դաշտում ձյան ծածկն առհասարակ բացակայում է։
«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ:
Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն, և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 15-ի ցերեկվանից սկսած մինչև 17-ը ներառյալ հարավ-արևմուտքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 12-16 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երևանում՝ 6-10 աստիճանով: