Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՔԿ–ից հայտնում են, որ կազմվել է քննչական խումբ` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եղանակային խիստ անպարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին ձնահյուսի տակ մնացած զինծառայող Բենիամին Մանուչարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․-ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք, շուրջ 2 ժամ անց նրա հետ կապը կորել է։ Հունվարի 14-ին նրա դին հայտնաբերվել է ձնահյուսի տակ։
«Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը -խմբ.) 2-րդ մասի 2-րդ կետով։ Կազմվել է քննչական խումբ»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿ–ից նաև հայտնում են, որ զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի հարակից ձորակում` ձյան տակ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։