3 անձինք ծեծել են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժշկին. մանրամասներ

Շտապօգնության ավտոմեքենա
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո նրան ծեծի են ենթարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժիշկը ծեծի է ենթարկվել բուժառուի ուզած դեղը չներարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն է կատարելիս եղել։ Նա դատապարտել էր միջադեպը և վստահեցրել, որ այսօրինակ խնդիրների հանդեպ իրենց մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական։
Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է դեպքի մանրամասները։
«Աջափնյակ վարչական շրջանի 41–ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը` նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ Հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ` նշելով, որ կա՛մ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կա՛մ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել»,– գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։
Նշենք, որ «Տրամադոլը» ցավազրկող դեղամիջոց է, ունի նաև հանգստացնող և թեթևակի հիպնոսացնող ազդեցություն։