Պարզվել է Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթը. ժամկետային զինծառայողը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտե
Ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող պայմանագրային զինծառայողի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանությունից առաջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ–ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է։

«Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։ Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։

Միջնորդություն է ներկայացվել դատարան Ն․Խ․–ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հիշեցնենք` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։
Նախաքննությունը շարունակվում է: