ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հանրապետության դպրոցներում երկուշաբթի օրվանից բուժքույրերը կզննեն աշակերտներին։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուժքույրերը կզննեն աշակերտներին։ Եթե որոշակի սիմպտոմներ գրանցվեն, ապա նրանց տուն կուղարկեն»,– նշեց Ավանեսյանը։
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` դպրոցներում բացակայությունների թիվը չի գերազանցում 2 տոկոսը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում հունվարի 11-ի դրությամբ գրանցվել է գրիպի և սուր շնչառական վարակների աճ, համաճարակաբանական իրավիճակը համապատասխանում է սեզոնային մակարդակին։
Հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով բուժհաստատություններ է դիմել 1940 մարդ: Հիվանդների ընդհանուր թվի 63%-ը կազմել են 0-ից 18 տարեկան անձինք:
Հունվարի 10-ին սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 759 մարդ (90%-ը՝ երեխաներ), 280 հիվանդի ախտորոշվել է թոքաբորբ (60%-ը՝ անչափահասներ)։ Նշված ժամանակահատվածում շտապօգնության ստացած կանչերի 17%-ը վերաբերել է սուր շնչառական վարակներին։