ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 2023 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով շատ է 2022 թվականի ցուցանիշից: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։
Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթում-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղևոր (–2%), իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 481 հազար ուղևոր (+8,7%): Միջազգային հաղորդակցության անկումը պայմանավորված է Երևան-Թբիլիսի ուղևորների նվազմամբ, մինչդեռ Երևան-Բաթում-Երևան երթուղում ուղևորների թիվը աճել է 58%-ով։
Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։ Անցյալ տարի երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է ութ զբոսաշրջային ուղերթ, որոնցով տեղափոխել է 5 հազար ուղևոր:
«Ուղևորահոսքի աճը կապված է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների զարգացման և ուղևորներին ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ ներգրավելու հետ», - նշել է Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: – Օրինակ` անցյալ տարվանից մենք ներդրել ենք էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ժամանակակից համակարգ։ Մենք նաև սկսեցինք տրամադրել պահեստային խցիկի ծառայություններ, զարգացրինք կայարանային ծառայություններ, որոնք ուղղված են մեր հիմնական երկաթուղային կայարաններում ուղևորների հարմարավետության բարձրացմանը»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2008 թվականից հանդիսանում է հայաստանյան երկաթուղիների կառավարիչ: